Եվրո 2016–ի ֆուտբոլային կրքերից անմասն չեն մնացել նաեւ դիվանագետները։ Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆան Էրիկսոնը, որը միջին ֆուտբոլասեր է, գործընկերոջ՝ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ երկրպագում է իր թիմին եւ ուղղակի վայելում գեղեցիկ սպորտը։

Շվեդիան Եվրո 2016-ի ֆավորիտներից չէ, խոստովանում է Ստեֆան Էրիկսոնը։ «Բայց մենք հիմնականում հաղթում ենք «Եվրատեսիլում», – ժպտում է նա։ Դիվանագետը հիմնականում հետեւում է առաջնություններին։ «Շվեդիան այս առաջնությունում ֆավորիտ չէ։ Մեզ հետ մեծ հույսեր չեն կապում։ Հնարավոր է, դա լավ է։ Անգլերեն նման հասկացություն կա՝ underdog, երբ ակնկալիքները մեծ չեն, եւ թիմը կարող է զարմացնել։ Երբ, ընդհակառակը, ակնկալիքները մեծ են, եւ բոլորը սպասում են, որ թիմը պետք է առաջին տեղը զբաղեցնի, շատ հաճախ հիասթափվում են», – ասում է Ստեֆան էրիկսոնը։

Նրա խոսքով՝ Շվեդիան երբեք չի հաղթել առաջնություններում։ «Բայց մենք հաջողություններ ունեցել ենք. 90-ականներին մենք անգամ 3-րդ տեղն ենք զբաղեցրել։ Այն ժամանակ մենք լավ թիմ ունեինք։ Դրանից հետո մենք միգուցե մեծ հաջողություններ չենք ունեցել եւ մխիթարվում ենք «Եվրատեսիլում» եւ մի փոքր էլ՝ հոկեյում ունեցած հաջողություններով», – ասում է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Շվեդիայի եւ Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականները ոչ ոքի են խաղացել Եվրոպայի առաջնության 1-ին տուրում։ E խմբում երկու թիմերը բաժանվել են 1։1 հաշվով։