Տուլայում շարունակվում է 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով դատավարությունը:
NEWS.am-ի թղթակցին ամբաստանյալ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ այժմ հետազոտվում են գործի ապացույցները:
«Մենք միջնորդել ենք, որ հարցաքննվեն տուժողները, որոնք այսքան ժամանակ նիստերին չեն ներկայացել: Մեզ համար տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ցուցմունքները շատ կարեւոր են»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:
Նշենք, որ Հայաստանում այս գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։
Ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:





























