«Եվրո 2016»-ի չորրորդ օրը շատերի համար հետաքրքիր պետք է լիներ նրանով, որ այդ օրը պայքարի մեջ էին մտնելու ամենաուժեղ F խմբի թիմերը: Ինձ համար այն հետաքրքիր էր նրանով, որ այդ օրը խաղերից մեկը լինելու էր Փարիզին մոտ՝ Սեն Դենիում եւ ես կգնայի այնտեղ որպես լրագրող: Զավեշտալին այն է, որ քաղաքների ցանկում Սեն Դենին որպես առանձին քաղաք է նշված: Այդպես էլ կա: Բայց Փարիզի կենտրոնից Սեն Դենի մեքենայով կարելի է հասնել տասը րոպեում: Գրեթե նույնքան ժամանակ է պետք է «Պարկ դե Պրենս» հասնելու համար:

Այս անգամ եւս իմ ճանապարհը դաժան ստացվեց. երբ այդ օրը խաղ կա, մետրո նստելն անհնար է: Տասներեքերորդ գիծը տանում է հենց «Ստադ դե Ֆրանս»: Երբ մետրոն գալիս է, պետք է, որքան ուժ ունես հրես ներսի կանգնածներին, որ ներս մտնես ու գիտակցես, որ քեզ նույնպես հրելու են: Տեսառեպորտաժում փորձել եմ ցույց տալ, թե ինչ է նշանակում այդ պահին լինել մետրոյում:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Իռլանդացիներն ու շվեդները շատ են Փարիզում: Ամբողջ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը լիքն էր՝ կեսը դեղին են, կեսը՝ կանաչ: Իմ կողքին նստած էր իռլանդացի մի լրագրող: Երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ասաց որ հիշում է, երբ մեզ հետ մի խմբում էին ու Երեւանն իրեն շատ էր դուր եկել: Ես, իհարկե, համեստաբար լռեցի, որ Իռլանդիայի հետ արտագնա խաղը մենք երբեք չենք մոռանա:

Խաղի առումով ի սկզբանե նախապատվությունս շվեդների կողմն էր, բայց արի ու տես, որ իռլանդացիներն ավելի լավ տպավորություն թողեցին: Եվ երեւի թե ավելի էին արժանի հաղթանակի:  Այս երկու թիմերի բախտն այդքան էլ լավ չի դասավորվում: Իռլանդացիները նախորդ «Եվրոյին» էլ էին ընկել բարդ խումբ եւ միավոր չկարողացան վաստակել: Այս խմբում են Իտալիան ու Բելգիան: Երեկվա խաղում Իտալիան առանց որեւէ դժվարության հաղթեց Բելգիային, որը նույնպես համարվում է մրցաշարի ֆավորիտ:

Այս օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եղան բախումներ երկրպագուների միջեւ: Բացումն արեցին անգլիացիներն ու ռուսները, հետո գերմանացիներն ու ուկրաինացիները: Լեհերն ու հյուսիսիռլանդցիները նույնպես իրար հանգիստ չթողեցին: Բայց այսօրվա մեր հերոսները այդպիսին չէին:

Խաղից հետո իռլանդացիներն ու շվեդները հանգիստ, խաղաղ, ուրախ՝ կարծես թե միավոր չեն կորցրել, դուրս եկան մարզադաշտից ու անցան գործի՝ ֆրանսիական բագետներ ուտելու եւ գարեջուր խմելու: Իմ կարծիքով այս օրերին Փարիզում միլիոնավոր լիտրերով գարեջուր է սպառվում:

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մեդիա կենտրոնում, որն ահռելի է ու այդ պահին կար երեւի 500-ից ավելի լրագրող, ես ոչ մի աղջիկ լրագրողի չհանդիպեցի: Որքան էլ ֆուտբոլը մասայականացվում է, այն մնում է ավելի շատ տղամարդկանց մարզաձեւ:

Այսօր հունիսի 14-ին, ասպարեզ դուրս կգան վերջին՝ շատերի կարծիքով ամենաթույլ խմբի մասնակիցները. F խմբում կհանդիպեն Ավստրիան ու Հունգարիան, Պորտուգալիան էլ կխաղա Իսլանդիայի հետ:

Դրանից հետո կկարողանանք ամփոփել խմբային փուլի արդյունքները:

Ի դեպ «Եվրո-2016»-ը թերի կլիներ, եթե Փարիզ չժամաներ Քիմ Քարդաշյանը: Նա այստեղ է: Հուրաաա

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան