Երիտասարդությունը նախընտրում է նորություններ իմանալ սոցիալական ցանցերից, այլ ոչ հեռուստատեսությունից: Այս մասին են վկայում Reuters-ի լրագրության ուսումնասիրության ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտությանն աշխարհի 26 երկրներից 50 հազար մարդ է մասնակցել: 18-24 տարեկան հարցվածների 64%-ը նորություններին ծանոթանում է համացանցում, նրանց 28%-ն էլ դրա համար օգտագործում է սոցիալական ցանցերը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, լուրերին ծանոթանալու համար հեռուստացույց է դիտում 24%-ը, տպագիր մամուլը նախընտրում է հարցվածների ընդամենը 6%-ը, ավելի քիչ՝ 5%-ն էլ ռադիո է լսում:

Այդ նպատակով Facebook սոցիալական ցանցն օգտագործում է հետազոտության մասնակիցների 44%-ը, YouTube-ը՝ 19%-ը, Twitter-ը՝ 10%-ը: