Զորքերի շփման գիծը չի կարող հավերժ մնալ, որպես երկաթե վարագույր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ֆրանսիացի դիվանագետը տեղեկատվություն է ներկայացրել գնահատման առաքելության մասին, որը կայանալու է Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Բաքվում եւ Երեւանում պաշտոնական հանդիպումներից հետո, հոկտեմբերի 7-ին կայցելենք Ստեփանակերտ: Հենց այդտեղից էլ մենք կորոշենք հերթական այցերի եւ շարժման ուղղությունները: Եթե ամեն ինչ ընթանա ծրագրի համապատասխան եւ եղանակային պայմանները թույլ տան, մենք կավարտենք մեր աշխատանքը հոկտեմբերի 13-ին: Նմանօրինակ առաջին այցը կայացել է 2005թ. փետրվարին: Առաջին հերթին մենք համեմատելու ենք ներկայիս իրավիճակը նախկինի հետ»,-ասել է Ֆասյեն:

Նա նաեւ բացատրել է, թե ինչու են այս անգամ Լեռնային Ղարաբաղ մեկնում Հայաստանի տարածքից: «Եթե հիշում եք, վերջին անգամ մենք Լեռնային Ղարաբաղ ենք անցել Ադրբեջանի տարածքից: Այդ քայլով մենք ուզում էինք ցույց տալ, որ զորքերի շփման գիծը չի կարող հավերժ մնալ, որպես երկաթե վարագույր»,- ասել է համանախագահը:

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը նկատել է նաեւ, որ առայժմ վաղ է խոսել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին: