Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված է եղել այս շաբաթ մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը. պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգթոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը: Դոնալդ Թրամփի կարծիքով, խախտելով գործարքը, Ջեֆրի Զաքարյանը իրեն տասը միլիոն դոլարի վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից՝ որպես փոխհատուցում:

Վաշինգտոնի դատարանն այս շաբաթ հրահանգել էր Թրամփին անձամբ բացատրություններ տալ դատական հայցի կապակցությամբ: Դատարանի այս որոշումը Թրամփի կողմնակիցների քննադատությանն էր արժանացել, քանի որ թեկնածուն ստիպված է եղել մեկ օրով դադարեցնել նախընտրական պայքարը: Վաշինգթոնում Թրամփը, հետեւելով դատարանի որոշմանը, անձամբ այցելել է Զաքարյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերություն, եւ երկու ժամ շարունակ մանրամասներ ներկայացրել խոհարարի դեմ իր դատական հայցի կապակցությամբ: Մուտքի մոտ կողմնակիցներից բացի, Թրամփին սպասում էին նաեւ արդեն ավանդական դարձած հակառակորդները, որոնք հանրապետական թեկնածուին կոչ էին անում վերջ դնել ատելությանը՝ բացականչելով անգլերեն եւ իսպաներեն լեզուներով:

Հիշեցնենք, որ Զաքարյանը հրաժարվել էր Թրամփի շքեղ հյուրանոցում բացել իր ռեստորանն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ոմանց կարծիքով, նվաստացուցիչ հայտարարություններով էր հանդես եկել մեքսիկացիների հասցեին: Զաքարյանն ասել է, որ իր աշխատակիցների երեք-չորրորդը Մեքսիկայից եկած ամերիկացիներ են, ուստի, ինքը չէր կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող մեկի հետ: Համաձայնությունը խախտելու համար խոհարարը չի զղջում: «Փոխարենը ես գիշերները հանգիստ եմ քնում», ասել է նա: