«Yandex Taxi» օնլայն ծառայությունը հուլիսի 1-ից կգործի Հայաստանում: Այս մասին «Բարքեմփ 2016» ՏՏ երեւանյան հավաքի ժամանակ նշել է «Yandex Taxi» օնլայն ծառայության մարկետինգի գծով տնօրեն Դանիիլ Շիլեյկո:

Նրա խոսքով, օնլայն տաքսի ծառայությունը Ռուսաստանում մեծ հաջողություններ է գրանցել ինտերնետի տարածմանը զուգընթաց ու նաեւ առաջարկվող պայմանների արդյունքում:

Շիլեյկոն նշել է, որ «Yandex Taxi» օնլայն ծառայությունն աշխատելու է տաքսի ծառայությունների հետ, ոչ թե անհատ վարորդների՝ 10 տոկոս կոմիսիայով: Նրա խոսքով, կգործի նաեւ օնլայն վճարման հնարավորություն, սակայն դա կլինի սեպտեմբերից: Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար:

«Yandex Taxi» օնլայն ծառայության հավելվածի ամբողջ ինտերֆեյսը թարգմանված է հայերեն:

Նշենք, որ «Yandex Taxi» օնլայն ծառայությունն աշխատում է ՌԴ 15 քաղաքներում եւ Մինսկում: Այն փոխադրող ընկերություն չէ եւ չունի իր սեփական ավտոմեքենաները: Ծառայությունը գործում է հաճախորդին առավել մոտ գտնվող վարորդների միջեւ պատվերների բաշխման միջոցով, որի արդյունքում նվազագույնի է հասնում ավտոմեքենայի` հաճախորդին մոտենալու ժամանակահատվածը, ինչպես նաեւ առանց ուղեւորի վազքը եւ վառելիքի ծախսը: Մոսկվայում Яндекс.Такси-ն  հաճախորդին է մոտենում  ընդամենը 4 րոպեում: