Դատարանը բավարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող Հրազդան մարզադաշտի տնօրինության հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ին պարտավորեցնելով վերացնել մարզադաշտի դեմ երկու տարի առաջ կիրառված 60 մլն դրամի տուգանքը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողներին ասաց մարզադաշտի տնօրեն Գագիկ Ժամհարյանը:

«Դատարանը որոշումը կայացրել է մայիսի 31-ին, օբյեկտիվ որոշում է կայացրել, քանի որ ՊԵԿ-ը որոշել էր տուգանել մեզ ինչ-որ երրորդ կողմի ասածով»,- ասաց Գագիկ Ժամհարյանը:

Մարզադաշտի տնօրենը նշեց, որ ՊԵԿ-ը 4 տարի ստուգումներ է անցկացրել, ոչինչ չի հայտնաբերել: 2013թ. հանկարծակի ստուգումներ են սկսվել 4 տարվա կտրվածքով եւ ՊԵԿ-ը որոշում է կայացրել 60 միլիոն դրամով տուգանելու մասին:

«4 տարվա ընթացքում 2,41 մլրդ դրամի հարկեր է վճարել մեր ընկերությունը: Այսինքն ամեն տարի 500 միլիոն դրամի հարկ է վճարվել: 1 տարի հարկային մարմինը  ստուգեց, ոչ մի լումայի խախտում չհայտնաբերեց մեր ընկերությունում: 600 առեւտուր անողներ գնացել, բացատրություններ են տվել, դրանցից 80-ը ասացին՝ ավտոկանգառի համար 10 հազար դրամ են վճարել, մյուսների ասածները դրեցին, այդ 80 հոգու ասածով ակտ կազմեցին»,- ասաց տնօրենը:

Գագիկ Ժամհարյանը նշեց, որ իրականում իրենք պայմանագիր են ունեցել կազմակերպության հետ, որը ծառայություններ է մատուցել ավտոկայանատեղիների եւ առեւտրականներից վարձավճար ստացել դրա համար:

«Բացի այդ՝ մարդկանց հարցրել են՝ ինչքա՞ն եք վճարել պահեստակետի համար, ասենք ասում ա՝ 10 հազար դրամ, դնում գումարում են էդքան տարիները ու ասում են՝ գումարները չի վճարվել բյուջե, ու խախտում են արձանագրում: Բայց ոնց կարող է լինի, որ մի ընկերություն, որ տարեկան 500 միլիոն հարկ է վճարում, այդ մեկ միլիոնը թաքցնի»,- ասաց Գագիկ Ժամհարյանը՝ նշելով, որ դատական գործը շահելն իրենց համար պատվի հարց էր:

Նշենք, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել, եւ արդեն 156 միլիոն դրամի պարտք է կուտակել ՊԵԿ-ին: Ըստ տնօրենի՝ եթե բոլոր դատական ատյանները անցնելուց հետո ՊԵԿ-ը պարտվի, 60 միլիոն դրամը դուրս կհանվի այդ պարտքից: