Հայաստանը պատրաստվում է 2016-ին   1 մլրդ 21 մլն կՎտ/ժ արտահանել Իրան: Այդ մասին հաղորդվում է  Հայաստանում 2015-16  եւ 2016-17 թթ-ի սակագնային սեզոններին (օգոստոս-հուլիս) էլեկտրաէներգիայի գեներացիայի եւ մատակարարումների կանխատեսումային հաշվեկշիռներում, որոնք կազմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն: 

Նշված 1 021 մլն կՎտ/ժ-ից 533,2 մլն-ը նախատեսվում է արտահանել Հրազդանի ՋԷԿ-ի  5-րդ էներգաբլոկից, իսկ 487,7-ը` Երեւանի ՋԷԿ-ից:

Ընդհանուր առմամբ Իրան արտահանմանը բաժին է ընկնում էլեկտրակայաններից մատակարարումների  մոտ 15 տոկոսը (Հայաստանը այլ երկրներ էլեկտրականություն չի արտահանում):

Իսկ 2017-ի առաջին 7 ամսում նախատեսված է արտահանել մոտ  657 մլն կՎտ/ժ, այդ թվում` ԵրՋԷԿ-ից` 514,4 մլն, իսկ «Հրազդան-5»-ից` 142,6 մլն: Արտահանումը դարձյալ կկազմի ցանցի մատակարարումների մոտ 15 տոկոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Իրան էլեկտրաէներգիա է արտահանում Երեւանի ՋԷԿ-ի համար ստացվող գազի դիմաց: Կայանը 1 խմ գազից մոտ 4,5 կՎտ/ժ է արտադրում, դրանից  3-ը տալիս է Իրանին, մնացածը տալիս է Հայաստանի ցանցին: