IBM եւ Weather Company ընկերությունները կմիավորեն ջանքերը ինքնաթիռների թռիչքներն ավելի ապահով դարձնելու համար, հայտնում է Life-ը:

Եղանակի կանխատեսման Weather Company ծառայության տվյալներն օգտագործելով` IBM Watson ստորաբաժանումը կկարողանա օպերատիվ եղանակով ավիաընկերություններին զգուշացնել թռիչքի գոտիներում օդերեւութաբանական բարդ պայմանների մասին: Տեղեկատվության փոխանակման համար կօգտագործվեն  Gogo ընկերության ռեսուրսները, որն ինքնաթիռներում Wi-Fi անթել կապով մուտք է ապահովում ինտերնետ:   

Weather Company ընկերության ղեկավար Քեմերոն Քլեյթոնի խոսքով, «այն, ինչ ավտոմեքենաների համար անում է Waze-ը, մենք կանենք ավիաընկերությունների համար »:

Ամեն տարի տուրբուլենտության հետ կապված խնդիրների պատճառով ԱՄՆ-ի ավիաընկերությունները մոտ   100 մլն դոլար են կորցնում: Ծախսերը կապված են ուղեւորների եւ անձնակազմի վնասվածքների եւ ինքնաթիռների արտապլանային տեխնիկական սպասարկման հետ: 

2015-ին IBM-ը 2 մլրդ դոլարով ձեռք է բերել Weather Company-ի թվային բիզնեսը:   IBM-ը ստացել է եղանակային հավելվածները, ենթակառուցվածքը եւ ընկերության թվային բիզնեսի այլ բաղադրիչներ: Դա  IBM-ին թույլ է տվել նոր հնարավորություններն ինտեգրել  Watson-ի եւ ընկերության ամպային ծառայությունների մեջ: