Հունիսի 11-ին, ժամը 22.25-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեւանաբնակ 18-ամյա երկու երիտասարդներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ րոպեներ անց հիվանդանոց հասած ոստիկանները տուժողների հետ զրույցից պարզել է, որ նրանք հիվանդանոցում են հայտնվել կինո «Հայրենիքի» մոտ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով:
Ոստիկանները պարզել են, որ նրանք վիճել են ոմն Սարգսի եւ նրա ընկերոջ հետ: Հետագա գործողություններով ճշտվել է նրանց ինքնությունը եւ հասցեն: Ի վերջո, նրանք ինքնակամ եկել են ոստիկանություն եւ խոստովանական բացատրություն տվել:
Դեպքը տեղի է ունեցել 21.30-ի սահմաններում, Շենգավիթի շրջանի դպրոցներից մեկի մոտ: Պատանիների վեճն աղջկա պատճառով է եղել: Ըստ նախնական վարկածի, նախօրոք պայմանավորվել ու հանդիպել էին, որ պարզեն ծագած տարաձայնությունը: Սակայն խոսակցությունն արագ թեժացել ու վերածվել էր ծեծկռտուքի:
Կասկածյալների ասելով, իրենք երկուսով են եղել, իսկ տուժողները բավական շատ:
Ծեծկռտուքի ընթացքում, տեսնելով, որ ընկերոջը գետին են տապալել ու մի քանի հոգով հարվածում են, Սարգիսը հանել էր ծալովի դանակն ու հարձակվել նրանց վրա, փորձելով այդկերպ ազատել ընկերոջը ծեծից: Արդյունքում մարմնական վնասվածք էին ստացել երկու երիտասարդ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











