Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի հետագա բուժման համար 160 հազար եվրո է անհրաժեշտ, սակայն պետությունը խոչընդոտում է դրահավաքի անցկացմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:
«Արմանին այժմ վերականգնողական բուժում է հարկավոր: Բժիշկները հաշվարկել են, որ եւս 160 հազար եվրո է անհրաժեշտ, որի մեջ մտնում է ողնաշարի, պառկելախոցի, շնչափողի վիրահատությունները: Սակայն այս վիրահատություններն այս պահին առաջնային չեն, սակայն սրանց գումարն էլ են ներառել բժիշկները: Եթե եւս 100 հազար եվրո հավաքվի, ապա հնարավոր է՝ վերականգնողական բուժումը սկսեն, սակայն արհեստական խոչընդոտներ են առաջացել»,- ասաց Միքայել Լազգիյանը՝ նշելով, որ արդեն 10 օր՝ որդին պարզապես պառկած է Գերմանիայում:
Ըստ Միքայել Լազգիյանի՝ մի քանի օր առաջ ինքը կոչով դիմել էր նախագահին եւ նրա ընտանիքին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։ Անդրադառնալով դրամահավաքին՝ Միքայել Լազգիյանը հայտնեց, որ արհեստական խոչընդոտներ են առաջացել. «Չեն թողնում մոլերում դրամահավաք կազմակերպել, բայց եթե իշխանություններն ասեն՝ ոչ մի խոչընդոտ էլ չեն սարքի: Ես պետությունից փող չեմ ուզում, գիտեմ՝ բյուջեն դատարկ է, ես ընդամենը խնդրում եմ, որ չխանգարեն ինձ, փորձեն օգնել, ինչով կարող են»:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ողնաշարի վիրավորում ու ոսկրածուծի վնասվածք էր ստացել: Նրան ծանր վիճակում հասցրել էին «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացմաան բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծոնղները ցանկացել են նրա բուժումը շարունակել Գերմանիայում: Հայ բժիշկները Արմանի համար արել են այն ամենն, ինչ նրանց ուժերի սահմանում էր, բայց քանի որ Գերմանիայում վերականգնողական բժշկությունն ավելի զարգացած է, քան Հայաստանում՝ այնտեղ Արմանը, շատերի կարծիքով ոտքի կանգնելու ավելի շատ շանսեր ունի:
Չնայած Հայաստանի Կառավարության որոշմանն այն մասին, որ այն վիրավորները, ում Հայաստանում չեն կարողանա պատշաճ օգնություն ցուցաբերել, Կառավարության միջոցներով կուղարկվեն արտասահման բուժվելու, Արման Լազգիյանի վրա այդ որոշումը չտարածվեց: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանյան բուժման անհրաժեշտութունը, Կառավարության անդամները նրանց օգնեցին «մասնավոր աղբյուրներից» ստացված միջոցներով: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք գումար են փոխանցել այն հաշվին, որը բացված է Արման Լազգիյանի անունով:




























