Երեւանի բնակիչ Գեղամ Դոլուխանյանը կդիմի պաշտպանության նախարարին, եթե ողնաշարի ճողվածք ունեցող որդին բանակում զբաղվի այնպիսի աշխատանքով, որը պետք է չանեն ծառայությանը սահմանափակումով պիտանի զինծառայողները: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհուրդի` քաղաքացիների դիմումների ընդունման հանձնաժողովի նիստին ասաց Գեղամ Դոլուխանյանը, որը բողոքարկում էր որդուն ծառայության համար սահմանափակումով պիտան ճանաչելու մասին որոշումը:

«Դեմ չեմ, որ ինքը գնա բանակ: Եթե այնտեղ հանկարծ խախտումներ կլինեն, ուղիղ նամակով նախարարի մոտ կհասնենք: Որովետեւ ունեմ այդ մի տղան ու չեմ պատրաստվում թույլ տալ, որ նա հաշմանդամ դառնա ամբողջ կյանքում»,- ասաց նա:

Զինակոչիկի հայրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին այժմ բուժվում է, ինչը ընդհատելու է զորակոչվելուց հետո:

«Երեխան ողնաշարի ճողվածք ունի: Իրեն մանուալ թերապիա է անհրաժեշտ ու բուժական ֆիզկուլտուրա, ինչով որ այստեղ զբաղվում է»,- ասաց զինակոչիկի հայրը:

Նշենք, որ հանձնաժողովի անդամները բողոքը քննարկելուց հետո ասացին, որ ըստ օրենքի նման խնդիր ունեցող զինծառայողը պետք է չանի նույն առաջադրանքները, ինչ մյուս զինծառայողը:

«Բանակ չեն զորակոչվում միայն կատարելապես առողջները, զորակոչվում են նաեւ որոշ առողջական խնդիրներ ունեցողները: Նա պտտաձողի վրա վարժություն չի անի, կվազի»,- զինծառայողին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:       

Զինակոչիկի հորը բավարարեց հանձնաժողովի պատասխանը, նա նշեց, որ եթե նկատի, որ իր որդու իրավունքները խախտվում են, կդիմի Պաշտպանության նախարարին:

Նշենք, որ հանձնաժողովի նիստերը կայանում են շաբաթը երեք օր: