Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին (Bernard Cerquiglini):
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին իր հերթին ընդգծեցլ է որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով), Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երեւանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր:
Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրել են Հայաստանի ԱԳՆ-ի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ «Հայաստանում Ֆրանսերենով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:



























