Այսօր ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի տնից քննիչներն առգրավել են երկու հեռախոս, մեկ նամակ ու մեկ թուղթ՝ հիմնադիր խորհրդարանի անդամների հեռախոսահամարներով ու էլեկտրոնային հասցեներով: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում 3 ու կես ժամ տեւած խուզարկությունից հետո ասաց Ժիրայր Սեֆիլյանի կինը Նանոր Սեֆիլյանը:

«Ժիրայրի հեռախոսն են վերցրել, որ Բերձորում կոտրվել էր, նամակ, որ փոքր տառերով էր, չկարողացան կարդալ: Ու էլի մի փոքր հեռախոս եւ մի թուղթ, որի վրա հիմնադիր խոհրդարանի անդամների հեռախոսսահամարներն են ու էլեկտրոնային հասցեները»,-ասաց նա:

Սեֆիլյանի կինը պատմեց, որ ինքը եկել է տուն, ապա սկսել են խուզարկությունը: Խուզարկել են տունը եւ նկուղը, զենք կամ զինամթերք չեն գտել. «Ես աշխատանքի վայրում էի, բարեկամուհիս, որ մեր տանն էր, ինձ զանգահարեց, ասաց, որ դուռը զանգում են, ոստիկաններ են: Ես ասացի՝ չբացի, հետո հեռախոսից լսեցի իրենց սպառնալիքը, ասացին՝ եթե չբացեք մենք կջարդենք»:

Նանոր Սեֆիլյանը նշեց, որ տեղի ունեցածը համարում է քաղաքական հետապնդում. «Տեսան, որ Ժիրայրի վրա ոչ մի կերպ չեն կարողանում բիծ գտնել, այսպես փորձեցին: Բայց մի բան պետք է հասկանան, որ իրեն կարող են բանտարկել, բայց իր հոգին չեն կարող»:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով։

 «2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու եւ փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: