Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 3-ը Բյուրականում գործել է երիտասարդ աստղագետների համար նախատեսված միջազգային դպրոցը, որը կազմակերպել էր Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ): Հայաստանն առաջին երկիրն է ԱՊՀ տարածքում, որտեղ ՄԱՄ-ը նման դպրոց է կազմակերպել:
«Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց»-ի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ միջազգային դպրոցի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կիրառվել են հեռահար օնլայն դիտումներ ռոբոտային աստղադիտակներով։
«Նոր տիպի դիտակը մենք ինքներս էինք աշխատացնում՝ համակարգչի համապատասխան ծրագրի միջոցով, որով պարզապես օնլայն կառավարում էինք Ավստրալիայում եւ Հավայան կզղիներում գտնվող աստղադիտակը։ Ծրագրում սեղմում էինք համապատասխան կոճակը եւ դիտակը շարժվում էր անհրաժեշտ ուղղությամբ եւ կատարում համապատասխան անհրաժեշտ բոլոր գործողությունները»,- ասաց Ա. Միքայելյանը։
Նրա խոսքով՝ նոր տիպի դիտակների պարագայում որեւէ բան ձեռքով չի կատարվում, ամեն ինչ կատարվում է համակարգչի միջոցով, դրա համար էլ աստղագիտության մեջ այն կոչում են «ռոբոտային աստղադիտակ»։
«Այս դիտակները հնարավորություն են տալիս գտնվել ուսումնասիրվող առարկայից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Համակարգչի գտնվելու վայրը տվյալ դեպքում կարեւոր չէ, կարեւորն ինտերնետի կապի որակն է տվյալ պահին»,- ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ նման դիտակն արժե մոտ 10 մլն դոլար։



























