Հռոմի Պապի այցը Հայաստան ընդգծում է նրա ցանկությունը` մտերմություն ցույց տալ հայ ժողովրդին, որն այնքան տառապանքներ է տեսել իր երկար պատմության ընթացքում եւ կիսում է խաղաղության ձգտումը: Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի քարտուղար հայր Ֆեդերիկո Լոմբարդին Հռոմի Պապի Հայաստան այցին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:    

Նրա խոսքով, էկումենիզմը Պապի Հայաստան այցելության առանցքային ուղղությունն է, այն հետեւում է անցյալ տարվա ապրիլին Գարեգին  II-ի այցին Վատիկան, հայտնում է Վատիկանի ռադիոն:   

Հայաստան իր այցի ընթացքում Պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին: 

Նա նաեւ հայտնել է, որ Էվանգելին Հիմիթյանը` Արգենտինայում հայ քահանայի դուստրը, Հայաստան եկող լրագրողների թվում է: Քահանան կարդինալ Բերգոլիոյի ընկերն է: Բացի այդ, նրա տատիկներն ու պապիկները Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների ականատեսներ եւ զոհեր են դարձել եւ նրանց կյանքերը փրկվել են թուրք գյուղացիների շնորհիվ, որոնք պաշտպանել են նրանց: 

Պապի Հայաստան այցելության ծրագիրը նաեւ հանդիպում է ներառում երկրի իշխանությունների եւ կրոնական առաջնորդների հետ, ներառյալ կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ: Պապը  կայցելի նաեւ Գյումրի, որտեղ բացօթյա ժամերգություն կկատարի: 

Այցի վերջին օրը Ֆրանցիսկոս Պապը կայցելի Խոր Վիրապի վանք` թուրքական սահմանից ոչ հեռու, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: