Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Սմեսովի անձնական ավանդը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարեկամական սերտ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Սմեսովն արձանագրել է, որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, ինչը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, այլեւ տնտեսական համագործակցության ոլորտում լուրջ առաջընթացի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Սմեսովի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Սերժ Սմեսովին:





























