Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում հրապարակել է իր աշխատանքավայրի լուսանկարը: Ուշադիր օգտատերերը նկատել են, որ միլիարդատերը սոսնձաթղթով փակել է իր նոութբուքի վեբ տեսաախցիկն ու բարձրախոսը: Լուսանկարը հայտնվել է Ցուկերբերգի էջին հունիսի 21-ին:
«Ավելի քան 500 մլն մարդ ամեն ամիս է օգտագործում Instagram, իսկ շուրջ 300 մլն մարդ՝ ամեն օր: Վերջին երկու տարիներին օգտատերերի քանակը աճել է ավելի քան կրկնակի: Ես ուզում եմ շնորհակալություն ասել Քեւին Սիսթրոմին ու Մաք Քրիգերին, նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր պատուհան են բացել դեպի իրենց աշխարհ ու ցույց տվել իրենց կյանքի կարեւոր, նաեւ ամենօրյա իրադարձությունները: Շնորհակալություն, որ Instagram–ը դարձնում եք այսքան հրաշալի վայր»,- գրել էր Ցուկերբերգը:
Ըստ երեւույթին այդ ձեւով Ցուկերբերգը որոշել է ինքն իրեն ապահովագրել անձնական տվյալների արտահոսքից: Նույնիսկ եթե հաքերներին հաջողվի «կոտրել» Facebook–ի հիմնադրի համակարգիչը, նրանք չեն կարողաանա ոչ լսել, ոչ տեսնել նրան:
Gizmodo պարբերականը նշում է, որ 2015-ին միլիարդատերը այս նույն աշխատավայրը ցույց էր տվել ուղիղ հեռարձակումով, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ լուսանկարում հենց Ցուկերբերգի նոութբուքն է:





























