Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում  բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնել է, որ Տրանսպորտի եւ կապի փոնախարար Արտաշես Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ հունվարի 1-ից հանրապետությունում կներդրվի թվային տախոգրաֆների /հսկիչ սարք/ նոր համակարգ, ըստ որի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով, իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: Թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատաժամանակը:

Ա.Ավետիսյանը նշել է, որ տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:
Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ համակարգի ներդրման նպատակով շուտով կհայտատրվի միջազգային բաց մրցույթ: