Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը  հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնել է, որ Մանուկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը»  Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում լավագույներից մեկը ճանաչելու եւ հատուկ մրցանակ շնորհելու համար եւ նշել, որ այն ոչ միայն ուրախացնող է, այլեւ պարտավորեցնող:

Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող հերթական վարկային ծրագիրը մինչեւ տարեվերջ կսկսի իրականացվել, ինչպես նաեւ առաջարկել է հաջորդ ծրագրում ընդգրկել ոչ միայն կենսական նշանակության ճանապարհները, այլեւ ընդյալնել ճանապարհային ցանցը` ներկառելով նաեւ գլխավոր մայրուղիները:

Մ.Վարդանյանը կարեւոր խնդիր է համարել ճանապարհների պահպանման եւ սպասարկման հարցում բանկի աջակցությունը` նկատի ունենալով տարբեր երկրներում կիրառվող լավագույն փորձի ուսումնասիրությունը:

Մ.Վարդանյանը տեղեկացրել է նաեւ, որ նախարարությունում  արդեն մշակվել է նոր կարգ, որը զգալիորեն կնպաստի իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ  վերահսկողության բարձրացմանը եւ որակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ճանապարհաշինարարության ոլորտում

նոր լուծումների ներդրման խնդիրները, մասնավորապես ճանապարհածածկի ամրությունը ստուգող սարքավորումների ձեռքբերումը:

ՀԲ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ընթացքը եւ կատարված աշխատանքները: