Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բակո Սահակյանի հետ եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ նախագահն այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել փուլային կարգավորման տարբերակին, ըստ որի, իբր Ադրբեջանին պետք է վերադարձվեն նախ հինգ, ապա՝ երկու շրջանները, իսկ հետո՝ հստակեցվի միջանցքի հարցը: Մամեդովին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը:  Էդվարդ Նալբանդյանը հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ Մամեդովը երբեք չի մասնակցել որեւէ բանակցությունների։

Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 24-ին կդիմավորեն հայկական լավաշով ու ծիրանով, մանկական երգչախմբի կատարումներով: Նախագահի աշխատակազմի ղեկավարն այսօր ներկայացրել է եռօրյա այցի ծրագիրը: Գյումրիում կաթոլիկների հովվապետի մատուցած պատարագին եւ Երեւանում խաղաղության աղոթքին մասնակցելու համար հազարավոր ուխտավորներ են Հայաստան ժամանելու արտասահմանից: Այցի հետ կապված Երեւանի որոշ կենտրոնական փողոցներ մի քանի ժամով կփակվեն:  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուղերձ է հղել Հայաստան կատարելիք այցից առաջ։

Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մխիթարյանն ազատվել է ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանը:

Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է: Ձերբակալման վերջնաժամկետը դեռ չլրացած դատախազը կալանքի միջնորդություն էր ներկայացրել: Դատարանում միջնորդությունը քննել են մի քանի ժամ, նիստն ուղեկցվել է միջադեպերով: Բակում հավաքված՝ Սեֆիլյանին սատարողներից երկու կնոջ՝ Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին բերման են ենթարկել: http://news.am/arm/news/333488.html

Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողներին ասել է, որ գործը քաղաքական  պատվեր է՝ պայմանավորված իր պաշտպանյալւ քաղաքական գործունեությամբ:

 Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ են լինելու Հայաստանում՝ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, խոսել է Սեֆիլյանի ձերբակալման իրավական բացերի մասին: Նախ՝ խուզարկության ժամանակ փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել տուն, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Բացի դրանից, չի հրապարակվել որուէ իրավական հիմք, թե ինչ կապ ունի Սեֆիլյանը մայիսի 20-ի վթարի հետ:  Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի այդ վթարից հետո մեքենայում զենք էր հայտնաբերվել, քրեական գործ էր հարուցվել, ինչի շրջանակում էլ ձերբակալվել էր Սեֆիլյանը: Այս գործով կա ինը մեղադրյալ, որոնց ինքնությունը չի հրապարակվում: Սեֆիլյանի գաղափարակիցները պնդում են, որ համենայն դեպս իրենց շրջապատից  ոչ ոք չի ձերբակալվել կամ կորել:

Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու որոշումը չէր լինի, եթե որոշ քաղաքական ուժեր չաջակցեին Բաղրամյան 26-ին՝  լրագրողներին ասել է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը:  Պետրոս Մակեյանի խոսքով՝ «իրենց ընդդիմադիր հռչակած այդ ուժերին» այս անգամ միացել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսը:

 Սեֆիլյանի դեմ մեղադրանքը քաղաքական հալածանք է համարում նաեւ նրա համախոհ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, որը իր դեմ ներկայացված՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքը նույնպես համարում է քաղաքական հետապնդում: Այսօր՝ դատական հերթական նիստին Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանում այդպես են վարվում բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են արդարության համար:

Ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք եւ զինամթերք ձեռք բերելը, փոխադրելը, դրանք տարբեր վայրերում պահելը՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործելու նպատակով: Ըստ Քննչական կոմիտեի՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:

Հունիսի 26-ին Իսրայելն ու Թուրքիան որոշել են հայտնել երկու պետությունների միջեւ տարաձայնությունների կարգավորման ու մինչեւ 2016-ի հուլիսը հարաբերությունները լիածավալ վերականգնելու մտադրության մասին, հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի՝ ամենամոտ ժամանակներս կվերականգնվի համագործակցությունը երկու երկրների միջեւ պաշտպանական ու էներգետիկ ոլորտներում եւ կվերսկսվի համատեղ զորավարժությունների անցկացումը: Հիշեցնենք, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունները խոր ճգնաժամի մեջ էին հայտնվել 2010-ին, երբ Իսրայելը գրավել էր այսպես կոչված «Ազատության նավատորմը», որը գնում էր Գազայի շրջափակումը ճեղքելու: Գործողության ընթացքում զոհվել էին Թուրքիայի ինը ու ԱՄՆ –ի մեկ քաղաքացի:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր պայթյունի հետեւանքով երիտասարդ տղամարդ է մահացել՝ նախնական տեղեկություններով, ինքնաշեն պայթուցիկից: Համաքաղաքացիների խոսքով՝ 32-ամյա Գրիշա Շաբոյանը տանը պայթուցիկներ էր պատրաստում:

Չարենցավանում աշխատանքի ժամանակ 50-ամյա տղամարդն ընկել է շինարարական կռունկի հարթակից եւ մահացել: Դեպքը տեղի է ունեցել «Ասկե գրուպ»-ի գործարաններից մեկում: Հարուցվել է քրեական գործ:

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի լոկոմոտիվային դեպոյում: 53-ամյա Վաչագան Մխիթարյանը 3-րդ հարկից ընկնել է եւ մահացել: Քրեական գործ է հարուցվել աշխատանքի անվտանգության պահպանման կանոնները խախտելու հոդվածով: «Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնել են, որ տղամարդը ներկարար էր, ընկել է վերանորոգման աշխատանքների ժամանակ

Բացահայտվել է Գյումրիում օրերս կատարված մոր եւ որդու սպանության դեպքը:  Ոստիկանությունը պարզել է, որ 80-ամյա Սիրիկ Հակոբյանին եւ 56-ամյա Սարգիս Հակոբյանին սպանել են: Կասկածյալը Գյումրիի բնակիչ, նախկինում դատված, 41-ամյա Գոռ Խաչատրյանն է: Նա մեղադրվում է մորն ու որդուն մուրճով եւ ապակե տարաներով հարվածելու եւ սպանելու մեջ, թե ինչու՝ ոստիկանությունն առայժմ չի հաղորդում: Գոռ Խաչատրյանը ձերբակալված է:

 Հունիսի 22-ի գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւան-Սեւան ավտոճանապարհին: Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով մահացել է մեքենայի ուղեւորը՝ 24-ամյա Նարեկ Ադամյանը, որը ոստիկան էր:  Ավտոմեքենայում հայտնաբերվել են գարեջրի կիսադատարկ շշեր: Մեքենայի մեջ եղել է 4 մարդ` 2 կին եւ երկու տղամարդ:

Այսօր արժևորվել է միայն ռուբլին, դոլարը, եվրոն ու ֆունտը արժեզրկվել են:Դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը՝ 7.44, եվրոյինը՝537, իսկ ֆունտինը՝698 դրամ: 

Հունիսի 23-ին Երևանում հնարավոր է կարճատև անձրև, այս գիշեր սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան տաքություն: