Հայաստանի վրա թանկ է նստում ընկերությունը Վրաստանի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ  Երեւանի ու Թբիլիսիի միջեւ ոչ մի խնդի չկա` չնայած որ ջավախահայերն անընդհատ բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման մասին:

«Երեւանի ընկերային  քաղաքականությունը Վրաստանի հետ մեզ վրա թանկ է նստում, այդ քաղաքականության գինը Ջավախքի կորուստն է: Այն մեզ տրվում է հայերի ուծացման եւ  Ջավախքից հայերի արտագաղթի գնով: Եվ եթե այդ քաղաքականությունը շարունակվի, մենք կկորցնենք Ջավախքը, իսկ այդ դեպքում Վրաստանի ընկերությունը մեզ պետք չի լինի, եթե նույնիսկ Թբիլիսին այդ մասին շատ խնդրի»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ նախօրեին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ երկու պետությունների միջեւ չկա մի այնպիսի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել: