Ադրբեջանում հայ գերի Մանվել Սարիբեկյանի սպանությունը միջազգային հանրության կոշտ գնահատականի կարիքն ունի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ այս անգամ Ադրբեջանը խախտել է ոչ միայն միջազգային քաղաքական, այլեւ հումանիտար իրավունքի նորմերը: «Նման վանդալիզմ տեղի է ունենում ոչ շատ երկրներում: Շատերը մահանում են մարտի դաշտում, բայց որ խոշտանգեն եւ սպանեն անմեղ գերուն, դա չի տեղավորվում ոչ մի կանոնի եւ նորմի մեջ»,- ասել է Զոհրաբյանը՝ կրկին ընդգծելով, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Ադրբեջանի նման վանդալիզմի նկատմամբ եւ իր գնահատականը պիտի տա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն անցնելու պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:




























