Ադրբեջանում օտարատյացությունը երկրի պետական քաղաքականությունն է, որը խրախուսվում է երկրի առաջին դեմքերի մակարդակով: Այսօր` հոկտեմբերի 5-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է այդ կառույցում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Նա ելույթ է ունեցել ռասիզմին, օտարատյացության ու ծայրահեղականությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ:
«Ադրբեջանում հայատյացությունն երկրի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է` այս երկրում մարդկանց սպանում էին միայն նրա համար, որ նրանք հայ են: Ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմ եւ օտարատյացություն»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել, որ օրերս Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանի երիտասարդության մեծ մասը կարծում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ռազմական ճանապարհով: «Իսկ սա նշանակում է, որ ծայրահեղականության եւ օտարատյացության հետեւանքները կարող են աղետալի լինել, թեեւ նման հակահայ քարոզչության հետեւանքներն էլ բազմաթիվ են»,- ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Այնուհետեւ անդրադառնալով քննարկման ժամանակ հնչած տեսակետին, թե պետք է քաղաքական կուսակցությունների եւ խորհրդարանականների շրջանում խթանել էթիկայի հանձնաժողովների ստեղծումը, Զոհրաբյանն ասել է, որ Ադրբեջանի դեպքում դժվար թե դա օգնի:
«Չեմ կարծում, թե մի երկրում, որի նախագահն օրվա մեջ հարյուր անգամ սպառնում է պատերազմով, հնարավոր է այս ճանապարհով ձեւավորել հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտ»,- ընդգծել է նա ու հավելել. «Մարդու հիմնարար արժեքների եւ ազատությունների վրա հիմնված այս կառույցում մեկ տանիքի տակ են հավաքվել պետություններ, որոնց համար այդ հիմնարար արժեքները պետք է լինեն միան հենքն ու ուղեցույցը: Եվ քանի դեռ եվրոպական մեր ընտանիքում կա երկիր, որտեղ մարդու կարող են սպանել միայն այն բանի համար, որ նա այլազգի է, մենք խորհելու եւ հետեւություններ անելու շատ բան ունենք»:





























