Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցյալ տարվա բողոքի ակցիան կարող է կրկնվել ավելի կազմակերպված եւ հեռահար նպատակներով։ Այս մասին հունիսի 23-ին՝ «Էլեկտրիկ Երեւան. գնահատականներ եւ կարծիք մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ շարժումը Հայաստանի պատմության մեջ ամենավառ իրադարձություններից էր, երբ երիտասարդությունը, առանց որեւէ քաղաքական ուժի, հավաքվել էր եւ բողոք կազմակերպել։ Իշխանյանը հիշեցրեց, որ երիտասարդների դեմ ուժ է կիրառվել ջրցան մեքենաներով, բերման ենթարկելով։ «Բայց անգամ այդ ամենից հետո նրանք չկորցրեցին հույսը եւ նորից հավաքվեցին։ Այնտեղ միշտ ստեղծագործ մթնոլորտ էր իշխում։ Ես ինքս շատ ոգեւորված էի։ Բայց հասարակությունը նրանցից ավելին էր սպասում, քան պետք էր սպասել»,– նշել է Իշխանյանը։

Իրավապաշտպանը հավելեց, որ նրանք կազմակերպված քաղաքական ուժ չէին եւ քաղաքական գաղափարներ չէին դրել իրենց առաջ։ «Նրանք պատրաստ չէին քաղաքական որոշում կայացնել, եւ դա բնական է։ Այդ երիտասարդներն արեցին այն, ինչ այն ժամանակ հնարավոր էր։ Եվ մեկ տարի անց ես նրանց երախտապարտ եմ, որ նրանք ցույց տվեցին՝ հայ երիտասարդության մեջ կա այդ առույգությունը։ Ես շատ կուզեի, որ նրանք քաղաքական ուժ դառնային։ Նրանք թարմ շունչ եւ փոփոխություններ կբերեն երկրին»,– նշել է Իշխանյանը։