ВымпелКом Лтд. (ВымпелКом) եւ Weather Investments S.p.A (Weather) ընկերությունները հոկտեմբերի 3-ին միավորման մասին համաձայնագիր են ստորագրել,  ըստ որի, միավորված ընկերությունը բաժանորդների թվով բջջային օպերատորների շարքում կզբաղեցնի 5-րդ տեղը։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին  ВымпелКом ընկերության մամուլի կենտրոնից, գործարքի ավարտին ВымпелКом-ը  Weather-ի միջոցով կդառնա Orascom Telecom Holding S.A.E. (Orascom Telecom) ընկերության բաժնետոմսերի 51,7 տոկոս եւ Wind Telecomunicazioni S.p.A. (Wind Italy) ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը։

Նշենք, որ միավորման արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի աշխարհի 20 երկրում, որոնց բնակչությունը կազմում է 850 մլն մարդ, որոնցից 174 մլն-ն արդեն իսկ ВымпелКом-ի բաժանորդ կլինեն։     

BBC նշում է, որ բացի շահավետ գործարքից, ВымпелКом-ը նաեւ խնդիրներ է ձեռք բերել։ Ալժիրում, կառավարությունը որոշել է, որ պետք է ազգայնացնի բջջային օպերատոր Djezzy ընկերությունը, որը, սակայն, ամենայն հավանականությամբ, արդեն ձեռք է բերել ВымпелКом-ը։

Այս խնդիրն, ըստ ռուսական մամուլի, Ռուսաստանի նախագահի Ալժիր կատարելիք այցի քննարկման հիմնական հարցերից է լինելու։ Դմիտրի Մեդվեդեւը պատրաստվում է այս խնդիրը մանրամասնորեն քննարկել իր ալժիրցի գործընկեր Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ։

Հիշեցնենք, որ ВымпелКом-ը նաեւ Հայաստանում գործող «ԱրմենՏել» ընկերության սեփականատերն է։