Թբիլիսիի խոշոր առեւտրի կենտրոններում` «Պասաժ»-ում եւ ««Կիդոբանի»-ում, հոկտեմբերի 5-ին ձեռնարկատերերի զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: «Նովոստի Գռուզիան» հաղորդում է, որ ձերբակալությունները կապ ունեն մաքսային ընթացակարգեր անցնելու ժամանակ որոշակի մեքենայություններ հետաքննելու հետ:

Ձերբակալվածների ճշգրիտ թիվը հայտնի չէ. վրացական լրատվամիջոցները նշում են 70-170 թիվը: GHN-ն, մասնավորապես, հաղորդում է 170 ձերբակալվածների մասին, «Ռուսթավի-2» հեռուստաընկերությոնւը` շուրջ 150: Վերջինս հստակեցնում է, որ բիզնեսմեններին ձերբակալել են ոչ միայն առեւտրի կետերում, այլեւ մաքսատանը եւ իրենց տներում:

Նշված առեւտրի կենտրոնները ժամանակավորապես չեն գործում: Այդտեղ հավաքվել են ձերբակալվածների հարազատները:

Այս գործի հետաքննությունը վարում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական բաժինը: Այս հաստատությունում հայտնել են, որ ներկայումս ձերբակալվածներին հարցաքննում են: Թե կոնկրետ ինչում են նրանց կասկածում, դեռ հայտնի չէ: