Հռոմի պապը, որն այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիում էր, այցելել է Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցի:

Հռոմի պապին եկեղեցու մոտ դիմավորեցին Հայաստանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Հռոմի պապը հոգեւորականների թափորի ուղեկցությամբ, մտավ եկեղեցի, որտեղ կարճ աղոթք մատուցեց:

Գյումրիի՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները Հռոմի պապին իրենց պատրաստած՝ Հիսուսի փշե պսակ նվիրեցին: Նրանք հավաքվել էին Գյումրիի Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու մոտ:

Եկեղեցուց դուրս գալուց հետո քահանայապետը մոտեցավ նրանց, օրհնեց բոլորին: Երեխաները քահանայապետի համար նաեւ երգեցին հատուկ քահանայապետի համար փոփոխված բառերով՝ «1-ը հունիսի» երգը:

Եկեղեցին Հռոմի պապի վերջին կանգառն էր Գյումրիում: Նա մեկնեց Երեւան: