Հոկտեմբերի 5-ին`ժամը 18.44-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 15 ՏԼ 061 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Հունանյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ`45-ամյա Վարուժան Հունանյանը, 35-ամյա Գարուշ Գրիգորյանը եւ 50-ամյա Ծաղիկ Ավետիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարներ օգնությամբ տուժածները դուրս են բերվել մեքենայից եւ տեղափոխվել Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների հիվանդանոցներ: Վ. Հունանյանը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Գ. Գրիգորյանի եւ Ծ. Ավետիսյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























