«Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ իմ վերաբերմունքին՝ ԼՂՀ-ն ճանաչելու նրա նախաձեռնությունը տեղին եմ համարում»,- հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքով, Հայաստանը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Ճիշտ է, լավ կլիներ, եթե Արցախը միանար Հայաստանին, բայց եթե մենք չենք ճանաչում ԼՂՀ-ն, ինչպե՞ս ենք պահանջում ուրիշներից ճանաչել այն։ Դա անբարոյական է։ Որոշ մարդիկ ասում են, որ ԼՂՀ ճանաչելու պատեհ առիթ չկա։ Բայց պատեհ առիթ չի էլ լինելու։ Այսօր մի վտանգ կա, մյուս օրը` այլ։ Սկզբունքը չի կարող դրվել նժարին, սկզբունքը սկզբունք է, դրա համար կարող ես մահվան գնալ։ Այնպես, որ ես կողմ եմ, որ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծեց Կարապետյանը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի թեմային՝ ԺԿ նախագահը նշեց, որ ինքը դրական է վերաբերում ռուսական ուժի ներկայությանը Հայաստանում։ «Համարում եմ, որ պետք է նաեւ երկրորդ ռազմակայանը տեղակայվի։ Մեղրիի տարածքում դրա տեղակայման մասին արդեն իսկ խոսում է Ամերիկան։ Ռազմաբազայի ներկայությունը դրական եմ համարում միայն այն առումով, որ Թուրքիայի կողմից մեր թիկունքը փակվում է, իսկ վատ եմ վերաբերում այն խոսակցությունների համար, որոնց համաձայն հայ-ադրբեջանական շփման գծում հնարավոր է, որ խաղաղապահներ տեղակայվեն»,- նշեց Կարապետյանը։





























