Թուրքիայում չեն դադարում վեճերը այդ երկրի եկեղեցիներում մատուցվող կրոնական արարողությունների շուրջ: Այսպես, կրոնական գծով թուրք պաշտոնյաներից մեկն առաջարկում է թույլ տալ մահմեդականներին այցելել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի եկեղեցի միայն շաբաթվա աշխատանքային օրերին, իսկ քրիստոնյաներին՝ միայն կիրակի օրերին:
Այս համաձայնեցված որոշումը՝ եկեղեցին կիսով չափ դարձնել մզկիթ, դժվար թե վերջ դնի վեճերին, սակայն թուրք պաշտոնյայի առաջարկը նորարարություն է թվում մինչ այդ թուրքական իշխանությունների կողմից հնչած հայտարարությունների ֆոնին: Ըստ այդ հայտարարությունների՝ Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը անբեկանելի է եւ չի կարող ոչ մի դեպքում վերանայվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում ամերիկացի հույների խմբի կողմից կրոնական միջոցառում անցկացնելու թույլտվությունը այս տարվա սեպտեմբերին արգելվել էր: Խմբի առաջնորդ Կրիս Սպիրուի այցը Ստամբուլ չեղյալ էր հայտարարվել: Այցի նախօրեին նա թուրքական իշխանությունների կողմից փաստաթուղթ էր ստացել, որով Սպիրուի գործունեությունը բնութագրվում էր որպես սադրիչ: Իսկ փաստաթուղթն ինքնին ունի Թուրքիա մուտք գործելու իրավունքից զրկված լինելու նշանակություն:





























