Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե իր երկիրը ազատվում է «ստալինյան ժառանգությունից»:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», Սահակաշվիլին բարձրացրել է Իոսիֆ Ստալինի թեման՝ պատասխանելով ուկրաինական «Բուլվար» թերթի թղթակցի հարցին, թե, արդյոք, կապ տեսնո՞ւմ է իր եւ ԽՍՀՄ նախկին առաջնորդի միջեւ:

«Պատմությունը, ինչպես հայտնի է փիլիսոփայության դասական Հեգելի արտահայտություններից, կրկվում է երկու անգամ, առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս: Կարծում եմ՝ մենք շատ տարբեր ենք, եւ իրականում Իոսիֆ Ջուղաշվիլիի ստվերից, որի տակ Վրաստանն ապրել է տասնամյակներով, Վրաստանն ազատվում է»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը հիշեցրել է նաեւ Գորիում Ստալինի հուշարձանը հանելու փաստի մասին: Ըստ նրա՝ երկրում այդ իրադարձությունը գրեթե չի նկատվել, այնինչ Ռուսաստանում բողոքի ձայներ լսվեցին: