Apple ընկերությունը եւս մի դատավարության պետք է մասնակցի եւ այս անգամ դատի նախաձեռնողը Ֆլորիդայի նահանգի քաղաքացի է, որը հայտնում է, որ ինքն առաջինն է ստեղծել  iPhone-ը:

The New York Daily News պարբերականը հայտնում է, որ գյուտարար Թոմաս Ռոսսն արդեն դատարանին է ներկայացրել իր գծագրերը, որոնք թվագրված են  1992 թվականով: Նա պատրաստ է ապացուցել, որ սմարթֆոնի գաղափարի հեղինակն է: Եվ այժմ Ռոսսը ցանկանում է  ընկերությունից դատարանի միջոցով մոտ 10 մլրդ դոլար ստանալ եւ հայտնում է, թե իրեն «նշանակալի եւ անշրջելի վնաս է հասցվել»: Ռոսսը նաեւ ցանկանում է հասնել նրան, որ ընկերության վաճառքի ամբողջ ծավալից եկամտի  1,5 տոկոսն իրեն վճարվի որպես հոնորար, հայտնում է Informing-ը: 

Ռոսսի ներկայացրած գծագրերից դատելով, սարքը, որը նա նախագծել է, աննշան նմանություն ունի 2007 թվականի արտադրության iPhone-ի հետ: Գծագրերում մեծ էկրանով ուղղանկյուն է պատկերված: Գծագրերից մեկում պատկերված է  բացվող մոդել` երկու կողմից սենսորային էկրաններով: Բայց, ինչպես նշում է պարբերականը, այդ սարքն ավելի շատ նման է Nintendo խաղային համակարգին:

1992-ին Ռոսսը փորձել է իր գյուտն արտոնագրել որպես   «ընթերցանության համար էլեկտրոնային սարք» (electronic reading device): Բայց քանի որ չի կարողացել վճարել արտոնագրային գումարը, արտոնագրի գրանցման գործը փակվել է 1995-ին: Երբ    2007-ին Սթիվ Ջոբսը ներկայացրել է iPhone-ը, Ռոսսը դատի է տվել ԱՄՆ-ի Արտոնագրային գերատեսչությանը:

Ռոսսը պատմել է, որ Apple-ից պահանջում է դադարեցնել իրենից գողացված գաղափարների հիման վրա արտադրվող սարքերի թողարկումը: Համապատասխան նամակը, նրա խոսքով, ինքն արդեն ուղարկել է Թիմ Կուկին:  Բայց  Apple-ի իրավաբան Ջեֆֆրի Լասկերը նշել է,  «որ բոլոր նման հավակնությունները հիմք չունեն եւ օբյեկտիվորեն անապացուցելի են»: