Հայաստանի 2011 թվականի պետբյուջեի ծախսերը կմոտենան 1 տրիլիոն դրամի (մոտ 2,7 մլրդ դոլար)՝ 69 մլրդ դրամով (190 մլն դոլար) գերազանցելով 2010 թ. մակարդակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Ընդ որում՝ ծախսերի աճը հիմնականում տեղի կունենա սոցիալական հոդվածների հաշվին։ Ըստ Տ. Դավթյանի՝ սոցիալական ծախսերն ու երկրի անվտանգության ապահովումը բյուջեի հիմնական առաջնահերթություններն են։ Ընդհանուր առմամբ՝ սոցիալ-մշակութային հոդվածները կկազմեն պետբյուջեի ծախսերի 42-44 տոկոսը։

Նախկին խնայբանկում ավանդների փոխհատուցման նպատակով կհատկացվի 1,6 մլրդ դրամ (4,4 մլն դոլար)` սա զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների հատկացումները, որոնք 1-1,2 մլրդ դրամի սահմաններում էին։

Կրթությանն ուղղված ծախսերը կավելանան, հիմնականում, ի հաշիվ կապիտալ ներդրումների, իսկ ուսուցիչների աշխատավարձի էական փոփոխություն չի նախատեսվում։ Ֆինանսների նախարարը դա բացատրեց նրանով, որ ուսուցիչների ներկայիս աշխատավարձը՝ ամսական 116 հազ. դրամ է (մոտ 320 դոլար), իսկ հաջորդ տարի կբարձրանա ընդամենը 2 հազ. դրամով կամ 5,5 դոլարով, իսկ դա համեմատաբար բարձր է մյուս ոլորտների աշխատավարձից։

Գիտության հատկացումները կավելանան 12 տոկոսով եւ կկազմեն մոտ 1 մլրդ դրամ (2,7 մլն դոլար): Այդ չափով էլ կբարձրացվեն գիտնականների աշխատավարձերը։

Ընդհանուր ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 2011 թ. կպակասի եւ կկազմի մոտ 26 տոկոս՝ 2009-ի 29,6 տոկոսի համեմատ։ Ըստ ֆինանսների նախարարի՝ սա հետեւանք է կառավարության զսպողական քաղաքականության։ «Անցումը զսպողական քաղաքականության արվում է շատ հանդարտ, առանց վայրիվերումների, քանի որ կտրուկ փոփոխությունները բյուջեի համար շատ վտանգավոր են»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։