Բելոռուսի հայ համայնքը 300 հազար անդամ ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Բելառուսի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Նրա խոսքով, հայկական համայնքը բավական լավ է ինտեգրված բելառուսական հասարակությանը: «Հայերն այսօր իրենց լավ են դրսեւորում ինչպես բիզնեսում, այնպես էլ այլ ոլորտներում: Մենք հայերին պարտական ենք նրա համար, որ նրանք օրինապաշտ մարդիկ են եւ պետության համար խնդիրներ չեն ստեղծում: Հայ համայնքը կամուրջ է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ, եւ մենք նրանց հետ շատ սերտ հարաբերություններ ենք պահպանում»:
Ձեռնարկատեր հայերի թվում կան բավական լուրջ ընկերությունների սեփականատերեր, սակայն, դեսպանի խոսքով, հայ օլիգարխներ Բելառուսում դեռեւս չկան:
Բելառուսի հայ համայնքն ակտիվ կյանք է վարում. հայկական թերթ է տպագրում, ունի դպրոցներ, ստեղծագործողների խմբակ: «Մենք սատարում ենք Բելառուսի հայ համայնքին: Այսօր համայնքն ունի Բելառուսում ինքնադրսեւորման բոլոր անհրաժեշտ պայմանները»,- նշեց Սուխորենկոն:


























