Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին ամիսներին որեւէ բանակցություն չի վարվել երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ընդ որում, նա կրկին հիշեցրել է Երեւանի դիրքորոշումը Անկարայի հետ հարաբերությունների հաստատման հետ կապված. Երեւանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման, եթե Թուրքիան չխոսի նախապայմանների լեզվով:
Մեկնաբանելով տեղեկությունը, թե իբր խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը Շվեյցարիայի արտգործնաարար Միշլին Քալմի-Ռեյը նշել է, որ ներկայումս Բեռնը աշխատանքներ է տանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Նալբանդյանը նկատել է. «Հայաստանյան թերթերից մեկը կապվել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ՝ պարզելու այդ հարցը, սակայն այնտեղ պատասխանել են, որ Միշլին Քալմի-Ռեյը նման հայտարարություն չի արել»:




























