Առեւանգել հովվին, նվաստացնել, ստիպել, որ տեսախցիկի առջեւ ստի, դա ցինիզմի վերջն է, որը բնորոշ է ահաբեկիչներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով հայ գերի Մանվել Սարիբեկյանի մահն Ադրբեջանում:

«Նախ ցանկանում եմ խորին ցավակցություններ հայտնել Մանվել Սարիբեկյանի հարազատներին: Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես  դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել  տեսախցիկի առջեւ, ապա սպանել»,- ասել է Նալբանդյանն ու հավելել. «Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի:

Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է»:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը:

Չնայած հայկական կողմի պարազաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել եւ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետեւ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երեւում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ: