Իրանի Ազգային զարգացման հիմնադրամի ամբողջ ղեկավարությանն աշխատանքից ազատել են: Fars News Agency-ն հայտնում է, որ Հիմնադրամի ղեկավար Սաֆդար Հոսեյնիին ու Խորհրդի բոլոր հինգ անդամներին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը կայացվել է հունիսի 2-ին, Իրանի կառավարության նիստի ժամանակ:

Հիմնադրամի ղեկավարության հրաժարականը պետք է դիտարկել որպես բարձրաստիճան պետական պաշտոնյաների գերեկամուտների դեմ պայքարում իրանական իշխանությունների հերթական միջոցառում: Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի նախաձեռնած արշավի ընթացքում այս շաբաթ իրենց պաշտոններից զրկվել են միանգամից չորս խոշոր պետական բանկերի ղեկավարներ:

Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել մի շարք պետական կառույցների կառավարիչների «աստղաբաշխական աշխատավարձերի» մասին: Անցած շաբաթ այաթոլա Համենեին խորհուրդ էր տվել նախագահ Հասան Ռոհանիին «վերլուծել այս իրավիճակը ու արդյունքների մասին զեկուցել ժողովրդին»: «Պաշտոնյաների գերեկամուտները առաջացնում են ժողովրդի միանգամայն արդարացի վրդովմունքը»,- ասել էր Իրանի հոգեւոր առաջնորդը:

Ըստ մամուլի ՝ պետական ընկերությունների, բանկերի ու նախարարությունների «ամոթը կորցրած որոշ ղեկավարներ» ամսական 40-ից 60 մլն թուման են ստանում ( մոտ 11.5-17 հազար դոլար): Ընդ որում Իրանում միջին աշխատավարձը չի գերազանցում ամսական 400 դոլարը:

Fars News Agency-ի տեղեկություններով, Ազգային զարգացման հիմնադրամի՝ աշխատանքից ազատված ղեկավար Սաֆդար Հոսեյնիի աշխատավարձը վերջերս կազմում էր ամսական 57 մլն թուման ( մոտ 16.3 հազար դոլար):