Հոկտեմբերի 6-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել նախօրեին ադրբեջանական բանտում առեւանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան:

Նա նշել է, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա: