«Ինձ մոտ տպավորություն է, որ լրատվամիջոցներում արշավ է սկսվել պաշտպանության նախարարության դեմ»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, հայկական լրատվամիջոցներն սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել իր կողմից ղեկավարվող նախարարությունում տիրող փոխհարաբերություններին: «Չգիտես ինչու, բոլորը խոսում են իմ եւ ռազմական ոստիկանության նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի փոխհարաբերությունների մասին: Ասեմ, որ Գասպարյանն իմ տեղակալ է նշանակվել իմ առաջարկությամբ եւ ես կարծում եմ, որ նա ունի բավարար փորձ այդ աշխատանքի համար: Պաշտոնի բարձրացումը խրախուսում է ցանկացած պաշտոնյայի համար: Իմ հարաբերություններն իր տեղակալների եւ Գլխավոր շտաբի պետի հետ նորմալ են: Ծառայության ընթացքում գոյություն է ունեցել բավական բարեկամական ծառայողական մթնոլորտ: Ծառայությունից հետո նույնպես մեզ մոտ մտերմիկ հարաբերություններ են ձեւավորվել, եւ մենք բոլորս աշխատում ենք նույն հարցերի շուրջ»,- ասել է Օհանյանը:
Անդրադառնալով բանակում կարգ ու կանոնի խախտումների դեպքերին (որոշ դեպքերում մահվան ելքով) եւ դրանց մանրամասն լուսաբանմանը մամուլում, Պնախարարն ընդգծել է, որ նմանատիպ դեպքեր եղել են նաեւ նախկինում: «Հնարավոր է, այս տարի այդ դեպքերից զոհերի թիվը ավելի շատ է եղել, բայց միջադեպեր բանակում միշտ էլ եղել են: Բայց, նախկինում, չգիտես ինչու, այդ միջադեպերն այդքան լայնորեն չեն լուսաբանվել»,- դժգոհել է Սեյրան Օհանյանը, հավելելով, որ բանակի հրամանատարական կազմն, առաջին հերթին, շահագրգռված է նման դեպքերը կանխարգելելով եւ հայտնաբերելով:
«Կարծես գործում է ստորության օրենքը. որքան շատ ես ջանում, այնքան վատ է լինում: Լրատվամիջոցների հրապարակումներից տպավորություն է ստացվում, որ բոլոր մյուս կառույցները սուրբ են եւ միայն Պաշտպանության նախարարությունն է արատավոր»,- վրդովվել է Օհանյանը, միաժամանակ հավելելով, որ ինքն ուշադրություն չի դարձնում լրատվամիջոցների հրապարակումներին, քանի որ նրանք մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը:




























