Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները հանդես են եկել պաշտոնական Մինսկի «հակառուսական հռետորաբանության» քննադատությամբ: Հոկտեմբերի 6-ին նրանք հայտարարություն են ընդունել «Ռուս-բելառուսական հարաբերությունների վիճակի մասին», որտեղ նաեւ ընդգծել են Բելառուսի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու կարեւորությունը:

Հայտարարության մեջ նշվում է. «Պետդումայի պատգամավորները վստահություն են հայտնում, որ կոնյուկտուրային քաղաքական շահերը, որոնք գլուխ են բարձրացրել Բելառուսում նախընտրական արշավի ընթացքում, չպետք է հանգեցնեն մեր երկրների միջեւ դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների խզման եւ սեպ խրեն երկու եղբայրական ժողովուրդների միջեւ»:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալիա Տիմակովային, երկու երկրների հարաբերությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ՌԴ նախագահին: «Բատկայի» վարքը Տիմակովան կապել է նրա հետ, որ նա ցանկանում է «հակառուսական հռետորաբանության ալիքի վրա հասնել նախագահական նոր ժամկետի»: Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են 2010-ի դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում Լուկաշենկոն դատապարտել է Յուրի Լուժկովին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատելու Մեդվեդեւի որոշումը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ ղեկավարությունը ցանկանում է իրեն եւս հեռացնել իշխանությունից:

Նկատենք, սակայն, որ դեռ մի քանի ամիս առաջ ռուսական հեռուստաալիքներն սկսեցին Լուկաշենկոյի դեմ նյութեր հրապարակել: Մասնավորապես, НТВ-ն ցուցադրել է դրվագներ «Կնքահայր Բատկա» ֆիլմից, որտեղ Լուկաշենկոն մեղադրվում է կոռուպցիայի եւ քաղաքական հակառակորդների դեմ բռնություններ կիրառելու մեջ:

Իր հերթին, արձագանքելով Մոսկվայից հնչող քննադատությանը, Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանի ղեկավարությանը` երկու երկրների հարաբերությունները սրելու եւ իր երկրի հանդեպ տնտեսական ճնշումներ բանեցնելու մեջ: Վերլուծաբանները նշում են, որ այս լարման հիմքում, հնարավոր է այն է, որ Լուկաշենկոն այդպես էլ չճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: