Ղարաբաղին հարակից տարածքներում գնահատման առաքելության երթուղին կորոշվի Ստեփանակերտում: Այս մասին Նախիջեւանում, Երեւան գալուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքով, եթե ամեն բան գնա նախատեսվածի պես եւ եղանակը չխանգարի, ապա առաքելությունն իր գործունեությունը կավարտի հոկտեմբերի 13-ին:

Խոսելով Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին, Ֆասիեն հայտարարել է, որ արդյունավետ բանակցություններ են վարել ԱԳՆ ղեկավարի եւ նախարարության փորձագետների հետ: «Մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Այսօր գալով Նախիջեւան, մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Տարածաշրջան այցելությունը շարունակվում է: Այսօր երեկոյան մենք բանակցություններ կվարենք Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան կուղեւորվենք Լեռնային Ղարաբաղ: Այնուհետեւ մեկ շաբաթվա ընթացքում մենք կլինենք ԼՂ-ին հարակից բոլոր շրջաններում եւ բնակավայրերում»,- ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է Ֆասիեն:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն գտնվում են Երեւանում եւ հասցրել են հանդիպել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: