Հայաստանում 2009 թվականից Կարմիր գրքում գրանցված օձերից Դարեւսկու իժի պահպանության համար նրանց վրա չիպեր են տեղադրվում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ լաբարանտ Լեւոն Աղասյանը։ Նրա խոսքով՝ օձերի վրա տեղադրվող չիպերը հնարավորություն են տալիս պարզել նրանց ապրելավայրը, շարժման ուղղությունը, տարածվածության սահմանները, քուն մտնելու վայրերը եւ այլն։
«Չիպերի տեղադրումը մեզ հնարավորություն է տալիս վերջնականապես հասկանալ նրանց տարածվածության սահմանները։ Իսկ այդ ամենի արդյունքում կարելի է քարտեզագրել բոլոր տարածքները, որոնք հետագայում ընդգրկվելու են արգելված ազգային պարկի տարածքում»,-ասաց Լ. Աղասյանը՝ հավելելով, որ այս ամենը հնարավորություն կտա պահպանել օձերի այս տեսակը ոչնչացումից։
Նշենք, որ բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում գրանցված Դարեւսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում գտնվող Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում։ Դարեւսկու իժի համար առաջնահերթ վտանգ է ներկայացնում ապրելավայրերի ոչնչացումը, որը տեղի է ունենում գյուղատնտեսական կենդանիների չկանոնակարգված արածեցման, խոտհունձի եւ գյուղատնտեսական այլ նպատակներով հողերի յուրացման հետեւանքով։



























