Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց խնայողությունների մեծ մասը առեւտրային բանկերում պահում են արտարժույթով։
Օգոստոսի դրությամբ, արտարժութային ավանդները կազմել են ընդհանուր ավանդների 67.7 տոկոսը։ Ավանդների դոլարիզացիայի աստիճանը կտրուկ բարձրացել է 2008 թ. վերջին եւ 2009 թ. սկզբին, երբ Կենտրոնական բանկը փորձում էր ֆիքսել դրամի փոխարժեքը, սակայն արդյունքում մարդիկ սկսեցին «փախչել» դրամից։
2008 թ. կեսերին Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ դրամային ավանդները գերազանցեցին դոլարայինին, սակայն ԿԲ-ի ոչ խելամիտ քաղաքականության հետեւանքով դոլարիզացիան շատ արագ թափ հավաքեց։
Ավանդներից ներկայում հատկապես դոլարայնացման մեծ աստիճան ունեն քաղաքացիների ժամկետային ավանդները՝ 80,6 տոկոս, այնինչ ցպահանջ ավանդներում արտարժույթի մասնաբաժինը 60,3 տոկոս է։
Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ ավանդների դոլարիզացիան աննշան (1-2 տոկոսով) պակասել է, ինչը չի կարելի ասել վարկերի մասին։ Եթե 2009 թ. դեկտեմբերի վարկերի 51 տոկոսն էր տրվում արտարժույթով, ապա օգոստոսին այդ ցուցանիշը հասել է 55,1 տոկոսի։


























