Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակներում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել`Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:

Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաեւ կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջեւանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնդարյան եզակի խաչքարեր:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց: