Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռոբոտաշինությունը զարգացնելուն եւ իր առաջիկա ծրագրերին:

Նաիրա, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից:

Չեմ կարծում, որ հեռացել եմ Հայաստանից եւ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քանի որ ես երբեք նման մտադրություն չեմ ունեցել: 1998թ.-ին, ինձ  հրավիրեցին Միացյալ նահանգներ`Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում թռիչքների կառավարման կայունությունը հետազոտող թիմում 6 ամսով աշխատելու: Մինչեւ այդ ես ավելի քան մեկ տարի աշխատել էի Գերմանիայում` Շտուտգարտի համալսարանում եւ մոտ մեկ տարի էլ Ֆրանսիայում: Միացյալ Նահանգները հարուստ հնարավորություններով երկիր է, այդ պատճառով ես այդ ինստիտուտում մնացի եւս վեց ամիս, ապա մեկ տարի եւ վերջապես 2003թ. Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտում դարձա դոցենտ: Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի եւ ՆԱՍԱ-ի հովանավորությունը թույլ տվեց մեզ զարգացնելու կարեւոր նշանակություն ունեցող ուղղություն, եւ Իլինոյսի համալսարանն ինձ առաջարկեց տեղափոխվել իրենց մոտ` ավելի մեծ տեմպերով զարգացնելու իմ հետազոտական ծրագիրը: Եթե վաղը եվրոպական որեւէ առավել բարձր մակարդակի հետազոտական ինստիտուտ ինձ առաջարկ անի, ես հնարավոր է` վերադառնամ Եվրոպա: Իմ տունը Երեւանն է, Հայաստանը, ես երբեք Հայաստանից չեմ հեռացել: Պարզապես իմ աշխատանքի պատճառով չեմ կարողանում երկար ժամանակ գտնվել Երեւանում:

Հե՞շտ է Միացյալ Նահանգներում կարիերա ստեղծելը:

Մեծապես կախված է, թե դու ինչ ես ուզում անել եւ ինչի հասնել: Դու պետք է ճիշտ ժամանակին հայտնվես ճիշտ վայրում: Իմ պարագայում, պատասխանը մեկն է` ՈՉ, ՈՉ եւ կրկին ՈՉ: Համոզված եմ` եթե 90-ականների կեսերին մնացած լինեի Հայաստաում, թողած կլինի գիտությունը: Իմ լավ ընկերներն այդ տարիներին տեղափոխվեցին IT ոլորտ եւ այսօր Հայաստանում բարձր պաշտոններ են զբաղեցնում նմանատիպ ընկերություններում: Դա կարիերայի աճի այլ տարբերակ է: ԱՄՆ-ում ես ստիպված էի ամեն ինչ սկսել զրոյից: Իմ նախկին կոչումներն ու կրթությունը ոչինչ էին այն խնդիրների մոտ, որոնց ես բախվում էի Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում աշխատելու ժամանակահատվածում: Բացի դրանից, Միացյալ նահանգների ակադեմիական շուկայում հարկավոր է կապեր ունենալ հենց ԱՄՆ-ում սովորելու դեպքում: Օրինակ, եթե դու չես ավարտել երկրի լավագույն դպրոցներից մեկը, քեզ համար դժվար է, կամ գրեթե անհնար է մուտք գործել ակադեմիական շրջանակ: Այս իրականությունն ինձ համար չի փոխվել նույնիսկ այսօր, երբ իմ խումբն այսքան հաջողությունների է հասել: Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնացել: Բանալին է` երբեք չհուսահատվել, աշխատասիրությունն ու նպատակաուղղվածությունը միշտ ի վերջո գնահատվում են: Պարզապես պետք է կենտրոնանալ եւ բաց լինել բոլոր այն հնարավորությունների համար, որոնք կյանքում ստանում ես:

Դուք IntelinAir ընկերության համահիմնադիր եք, ընկերություն, որը դրոններ է ստեղծում: Ի՞չ նպատակով կարելի է օգտագործել դրանց:

Այժմ մենք կենտրոնացել ենք թվային գյուղատնտեսության վրա: Մենք ստեղծում ենք «ֆերմաների մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա»` թռցնելով դրոնները ցածր բարձրությունից եւ ստանալով ճշտգրիտ պատկերը: Մենք հույս ունենք, որ այս տեխնոլոգիան հնարավորություն կտա` կանխազգալու վտանգները, իսկ ֆերմերներին` քայլեր ձեռարկել` խուսափելու վնասներից: Ակնհայտ է, որ ներկայիս գուղատնտեսական տեխնոլոգիաներով արդեն 2050թ.-ին հնարավոր չի լինի կերակրել երկրի 9 մլրդ բնակչությանը: Մեր ընկերության նպատակն է հենց այսպիսի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել, որոնք հնարավորություն կտան ավելի շատ արտադրություն ստեղծել եղած բնական ռեսուրսներով:

Մտադի՞ր եք նմանատիպ ընկերություն էլ Հայաստաում բացել:

Մեր ընկերությունն արդեն բացել է մասնաճյուղ Երեւանում: Մենք խումբ ունենք Հայաստանում եւ ես գոհ եմ մեր թիմի աճից:

2015թ.-ից Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրենն եք: Հայերը նույնպես փորձում են այս ուղղությունը զարգացնել Հայաստանում: Ի՞նչ եք կարծում` ինչպես կարող են հայերը հասնել լավագույն արդյունքներին: Անհրաժեշտ ռեսուրսն ունե՞նք դրան հասնելու համար:

Մենք իհարկե ունենք անհրաժեշտ տաղանդն ու եռանդը: Մեզ պակասում են ֆոնդերը, որոնք կհովանավորեն այս ուղղության զարգացումը եւ կկրթեն ուսանողներին` զարգացնելու մրցակցային ալգորիթմներ: Մենք գաղափարական առաջնորդների պակաս ունենք: Ռոբոտաշինությունը բազմապրոֆիլ ոլորտ է: Մեք աշխատում ենք կառավարման տեխնոլոգիայի, մեքենաշինության, մարդ-համակարգիչ համագործակցության, մտածողական հոգեբանության եւ բժշկության խաչմերուկում: Այսօր ռոբոտաշինության ոլորտում աշխատողները պետք է լավ գիտելիքներ ունեն այս բոլոր ոլորտներից: Ես չեմ կարող բավականին ընդգծել բազմապրոֆիլ կրթության եւ հիմնարար գիտության կարեւորությունը:

Նաիրա, Դուք եւ ձեր ուսանողները ստեղծել էիք ադապտիվ հսկողության համակարգ, որը պետք է փորձարկվեր VISTA F-16-ի վրա: Արդյոք արդեն փորձարկվել է:

Մենք դեռեւս չենք փորձարկել, մենք անհամբերությամբ սպասում ենք այդ փորձարկումներին, որոնք պլանավորված են սեպտեմբերին:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

Մտադիր եմ ավարտել եւս երկու գիրք առաջիկա 5 տարիների ընթացքում: Ես կցանկանայի տեսնել իմ լաբորատորիայում սովորած ուսանողներին ինովացիոն ոլորտում առաջատարների դերում: Կցանկանայի տեսնել նրանց` խոշոր ընկերություններում կամ լավագույն համալսարաններում աշխատելիս: Կցանկանայի տեսնել ուսանողներիցս մի քանիսին` իրենց սեփական ընկերություններ@ հիմնած: Կցանկանայի տեսնել իմ IntelinAir ընկերությունը` առաջատարների շարքում: Մոտ ապագայում, ես անձամբ մտածում եմ կզբաղվեմ կիբերանվտանգության լուծումներ գտնելով, որոնք հնարավորություն կտան ռոբոտներին ապահովագրել համակարգչային վիրուսներից եւ հաքերների կողմից հարձակումներից:

Պատրաստվո՞ւմ եք Հայաստանում նախագծեր իրականացնել:

Եթե կան խմբեր, որոնք կցանկանան ինձ հետ աշխատել, ես բնականաբար կաջակցեմ նրանց: IntelinAir ընկերությունն արդեն իսկ լավ սկիզբ է, եւ ես ոգեւորված եմ մեր խմբով, որն ունի մեծ պոտենցիալ: Ես մտածում եմ նմանատիպ ընկերություններ ստեղծելու մասին: