Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է նորից վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հուլիսի 5-ին՝ Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունենալիս, ասել է հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Թբիլիսիից։
Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է դատապարտել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից զենքի գործածումն ու անմարդկային գործողությունները։ Մելքումյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի զինուժը հարձակվել է Թալիշ եւ Մատաղիս գյուղերի եւ Մարտակերտ քաղաքի վրա, որի հետեւանքով շատ խաղաղ բնակիչներ են տուժել։ «Անհրաժեշտ է կոնկրետ քայլերի դիմել, շփման գծի ամբողջ երկայնքով մշտադիտարկման մեխանիզմներ սահմանել հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրելու համար։ Դրան կհետեւեն նաեւ պատասխանատվության կանչելու միջոցները։ Մեր կազմակերպությունն ուժեղ է, եւ ես վստահ եմ, որ անարդարության օրինակները արժանի գնահատական կստանան։ Մենք պետք է հիշենք արժեքները, որոնցով առաջնորդվում ենք»,– ասել է պատգամավորը եւ հավելել, որ խոսքը անձեռնմխելի չափանիշների մասին է։ «Ադրբեջանի հարձակումները ձախողման են դատապարտված։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անպարտելի է»,– ընդգծել է Միքայել Մելքումյանը։
Դիմելով ԵԱՀԿ ԽՎ թուրք պատվիրակին, որը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցով պետք է պատմաբանները զբաղվեն, Մելքումյանն արձանագրեց, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը փաստ է, որն ապացույցների կարիք չունի. այն ճանաչել են աշխարհի շատ երկրներ։





























