Գերմանական հատուկ ծառայությունները չեն կիսում 2015 թվականի հուլիսին իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի առիթով արեւմտյան քաղաքական գործիչների հրճվանքը: Գերմանիայի սահմանադրության պաշտպանության Դաշնային գերատեսչությունն (BfV) «անհերքելի փաստեր ունի այն մասին, որ Իրանը բոլոր միջոցներով փորձում է նյութեր ձեռք բերել, որոնք անհրաժեշտ են միջուկային մարտագլխիկներ ստեղծելու համար»: Այս մասին ասված է գերմանական Tagesspiegel պարբերականի վերլուծաբան Ֆրանկ Յանսենի հոդվածում: Ընդ որում, Թեհրանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Գերմանիան՝ իր բազմաթիվ հայթեք-ընկերություններով»:
«Չնայած պայմանագրով Իրանը համաձայնել է զգալի սահմանափակումների եւ իր միջուկային ծրագրի վերահսկողության, անօրինական գործունեությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ»,- 2015 թվականի տարեկան հաշվետվությունում գրել է BfV-ն:
Տվյալների համաձայն, շուրջ 90 ապօրինի գնումների փորձ է արձանագրվել, որոնք հակահետախուզական ծառայության աշխատակիցները կապում են իրանական միջուկային ծրագրի հետ:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հակահետախուզության համաձայն, իրանցիները հաճախ փորձում են Իրան ուղարկել «իրենց անհրաժեշտ ապրանքներ, այդ թվում՝ վակուումային եւ չափիչ տեխնիկա», եւ այս ամենը՝ Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից դրածո ընկերությունների եւ «միջնորդների» միջոցով:
Հոդվածագրի համաձայն, գերմանական քաղաքական գործիչներն անհանգստացած են: «Եթե Իրանը չկատարի համաձայնագրի եւ ՄԱԳԱՏԷ-ի պահանջները, դա կհաստատի, որ հարկավոր է կրկին բարձրացնել պատժամիջոցների հարցը»,- հայտարարել է Բունդեսթագում ՔԴՄ-ից պատգամավոր Արմին Շուստերը:





























