NEWS.am-ին տված հարցազրույցում ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Կոնստանտին Գենիչը իր տպավորություններն է ներկայացնում Եվրո-2016-ի մասին: Առաջնության վիճակահանություններն այնքան էլ հավասարաչափ չէին բաշխել հավաքականներին ուժի առումով, իսկ խմբային փուլում հավաքականներն ամբողջ ուժով չէին խաղում` իմանալով, որ կկարողանան անցնել նույնիսկ երրորդ տեղում հայտնվելով… 

Ի՞նչ տպավորություններ ունեք Ֆրանսիա-Իսլանդիա խաղի տաք հետքերով

Նույնիսկ ռեպորտաժի ավարտին մենք ասացինք. «Բրավո, Իսլանդիա»: Եվ այն, թե երկրպագուներն ինչպես էին ուղեկցում Իսլանդիայի հավաքականին, թե նրանք ինչ  միասնություն էին Եվրոյում. դա իհարկե հիացմունք է առաջացնում: Ինչ-որ պահի Իսլանդիան պետք է հետ կանգներ եւ հավանաբար խորհրդանշական է, որ նրանք հետ կանգնեցին տանտերերի հետ խաղում եւ հենց այստեղ`   «Ստադ դը Ֆրանսում», 80 հազար մարդու ներկայությամբ: Բայց միեւնույն է, շնորհակալություն Իսլանդիային այս առաջնության համար, մենք հոտնկայս ծափահարում ենք նրանց: Իսկ դրանից հետո գնում են նրանք, որոնք պետք է գնան: Ֆրանսիացիներն իհարկե այս առաջնությունում քաղցր ուղի ունեն: Ռումինիան, Ալբանիան, Շվեյցարիան, Իռլանդիան եւ այժմ Իսլանդիան. նրանք իհարկե դեռ այն մրցակիցները չեն, որոնց միջոցով հնարավոր լինի դատել Ֆրանսիայի հավաքականի մասին: Բայց գերմանացիների հետ կիսաեզրափակիչն իհարկե արդեն թեստ, քննություն կլինի: Բայց Ֆրանսիան խփել է այն բոլոր գոլերը, որոնք չէր խփել անցյալ խաղում: Այն գեղեցիկ  էր եւ ամենաարդյունավետն այս Եվրոյում: Դա ուրախացրեց:

Ի՞նչ եք կարծում, ամենաարժանի հավաքականնե՞րն են անցել կիսաեզրափակիչ

Իհարկե ոչ: Ձախ ցանցն ուղղակի աղետ է:  Ուելսն իհարկե սքանչելի է Գարետ Բեյլի եւ Աարոն Ռամսիի հետ, բայց իմ կարծիքով ամեն ինչ ավելի տեսարժան կլիներ, եթե բելգիացիներն անցնեին: Պորտուգալացիները, որոնք  5 խաղում ոչ մի հաղթանակ չտոնեցին, հազիվ սողացին կիսաեզրափակիչ եւ մեղմ ասած, այնքան էլ ներշնչված ֆուտբոլ չեն ցուցադրում: Այո, քանի որ անցել են, նշանակում է ամեն ինչ օրինաչափ է, բայց մյուս կողմից ցանցերում հավաքականների բաշխումն այնուամենայնիվ այնքան էլ հավասարակշռված չէր այս Եվրոյում: 

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Ո՞ր հավաքականին եք ամենից շատ ափսոսում:

Ես ամենից շատ ափսոսացի Իտալիային: Չնայած այն բանին, որ այս Եվրոյում իմ համակրանքը, Ռուսաստանից հետո, իսպանացիների կողմն էր, իհարլե` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Բայց Իսպանիան դուրս թռավ լիովին տեղին: Իսկ Իտալիան, կարծում եմ, ամենից լավ էր խաղում: Որպես հավաքական ամենալավն էր: Նա ամենուժեղ մարզիչն ունի, ես համոզված եմ դրանում: Եվ Բարցալյայի, Բուֆոնի արցունքներն իզուր չէին: Նրանք իրոք անկեղծորեն հուզվում են եւ ցավում են իրենց երկրի համար, իրենց երկրպագուների:  Նույնիսկ եթե դա չափազանց վերամբարձ է հնչում, բայց ճշմարտություն է: Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց լավ դրսեւորեին այս Եվրոյում: Ցավոք, գերմանացիներն ասես մեքենա լինեն, որոնք բոլորին մաքրում են իրենց ճանապարհից: Գումարած` նրանց բախտը մի քիչ բերեց տասնմեկմետրանոցների փուլում: 

Շատերի համար այս Եվրոն ամենահետաքրքիրն ու ինքնատիպն է… 

Ես այդպես չեմ կարծում: Այո, այն Ալբանիայի մակարդակի հավաքականին, նույն Իսլանդիային իրենց դրսեւորելու շանսեր տվեց, կամ Ուելսին, որն առաջին անգամ հայտնվեց եւ միանգամից հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: Բայց ինձ թվում է` խմբային մրցաշարը շատերին հիասթափեցրեց: Որովհետեւ քիչ գոլեր խփվեցին, շատերը հասկանում էին, որ նույնիսկ երրորդ տեղով կարող են անցնել Այդ պատճառով անձամբ ինձ ավելի հոգեհարազատ էր 6 հավաքականով ձեւաչափը եւ չեմ ասի, թե այս առաջնությունը հիացնող կամ հիշարժան ինչ-որ բան ունի: Կասեի` երկու բան է հիշվել. Թե ինչպես են ծափահարում իսլանդացիները` խաղացողները, երկրպագուները եւ հյուսիսիռլանդացիների Will Grigg is on Fire երգը: Ֆուտբոլի մասին առայժմ չեմ խոսում: 

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան Փարիզից